Ֆրանսիական Ուա Պլաժ, Լյոկատ եւ Լե Տուկե քաղաքների ղեկավարները հայտարարել են, որ որոշել են հետեւել Կաննի քաղաքագլխի օրինակին եւ կանանց արգելել լողափերին բուրկինի՝ մահմեդական լողազգեստ հագնել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով RFI ռադիոկայանը: Վարչապետ Մանուել Վալսը սատարել է որոշումը:

«Լողափերը, ինչպես նաեւ մյուս հանրային վայրերը, պետք է ազատ լինեն կրոնից»,- հայտարարել է երկրի վարչապետը:

Լե Տուկեի քաղաքապետը նշել է, որ իր քաղաքում բուրկինի չեն հագնում: Սակայն, նրա խոսքով, ինքը չէր ցանկանա, որպեսզի քաղաքային վարչակազմն անակնկալի գա, եթե նման լողազգեստներ հայտնվեն լողափերին:

Բուրկինի հագնելու արգելք է սահմանվել ֆրանսիական 7 քաղաքներում եւ շրջաններում: Բուրկինին մահմեդական կանանց համար նախատեսված լողազգեստ է, որն ամբողջությամբ փակում է մարմինը: