Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հեռագրով շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ: Վարչապետի հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դժվար է գերագնահատել այն հսկայական անձնական ներդումը, որ դուք ունեցել եք մեր ազատամարտի, Հայաստանի ու ԼՂՀ կայացման, ամրապնդման ու զարգացման գործում: Այդ մեծածավալ աշխատանքի անգամ հպանցիկ ուրվագիծը տպավորիչ է թե արդյունքով, թե բովանդակությամբ:

Ձեր շնորհակալ ջանքերը ըստ արժանվույն գնահատվում ու արժեւորվում են մեր ժողովրդի եւ բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր ձեզ հետ միասին աշխատել են երկար տարիներ` հանուն մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի առաջընթացի ու բարգավաճման:

Կրկին շնորհավորելով ծննդյան տարեդարձի կապակցությամբ` Ձեզ եւ ձեր ընտանիքին մաղթում եմ առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք»:

Ի դեպ, հատկանշական է, որ Տիգրան Սարգսյանն է շնորհավորում Ռոբերտ Քոչարյանին: Վերջին օրերին համառ լուրեր են շրջում, որ վարչապետն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձի նախագծին: