Մեքսիկայի իշխանությունները կարծում են, որ Հալիսկոյի նահանգի Պուերտո Վալյարտա հանգստավայրային քաղաքում առեւանգված անձանց թվում կարող էին լինել հայտնի թմրաբարոն Խոակին Գուսման Լոերայի (հայտնի՝ Կարճլիկ) միանգամից 2 որդիները: Այս մասին ասել է նահանգի կառավարության քարտուղար Ռոբերտո Լոպես Լարան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ հետաքննության շրջանակում, պետք է նշեմ, որ կա նման հավանականություն, ես չեմ ժխտում, բայց նաեւ դեռեւս չեմ հաստատում»,- ասել է Լարան:
Հիշեցնենք, որ անհայտ անձինք La Leche ռեստորանից առեւանգել էին 6 տղամարդու: Իշխանությունները հաստատել են, որ նրանց թվում է Կարճլիկի կրտսեր որդին՝ Խեսուս Ալֆրեդոն:
Իսկ El Universal պարբերականի հուսալի աղբյուրները հայտնել էին, որ ռեստորանում հարձակման պահին եղել են Գուսմանի 2 որդիները, այդ թվում՝ ավագ տղան՝ Իվանը, որին նույնպես իբր թե առեւանգել են:





























