ԱՄՆ-ի հետախուզության աշխատակիցները Հանրապետական կուսակցությունից նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփի համար առաջին ճեպազրույցն են կազմակերպել, հայտնում է  Associated Press-ը:

Հանդիպման գլխավոր թեման դարձել են երկրին սպառնացող բացահայտ վտանգները եւ անվտանգության հարցերը: 

Ճեպազրույցը, որը մոտ երկու ժամ է տեւել, ընթացել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նյույորքյան գրասենյակում` գաղտնալսումից պաշտպանված աշխատասենյակում:   ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպպերի աշխատակազմի աշխատակիցների հետ հանդիպմանը Թրամփը հրավիրել էր Նյու Ջերսիի նահանգի նահանգապետ Քրիս Քրիստիին եւ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլիննին, որը 2012-2014 թվականներին Պաշտպանության նախարարության հետախուզության վարչության (ՊՆՀՎ) պետն է եղել:  

Միջոցառման ավարտին հանրապետականը լքել է շենքը` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին: 

Օգոստոսի 17-ին Թրամփը հայտնել է, որ չի վստահում հետախուզության տվյալներին:    «Տեսեք, թե ինչ է տեղի ունեցել վերջին 10 տարվա ընթացքում: Ես չեմ լսի նրանց,  որովհետեւ նրանք սարսափելի որոշումներ են կայացրել», — Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է միլիարդատերը: Հանրապետականի խոսքով, դրանցից մեկը դարձել է 2003 թվականին ներխուժումն Իրաք, ինչը ահաբեկչության ծաղկման հանգեցրեց: 

ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին: Հանրապետական Թրամփի ընդդիմախոսը կլինի Հիլարի Քլինթոնը: Հարցումների   RealClearPolitics ագրեգատորի տվյալների համաձայն, օգոստոսի 17-ին Քլինթոնն իր ընդդիմախոսից առաջ է վեց տոկոսով: