Լինի դա Գորան Լինդբլադը, Պրեսկոտը կամ որեւէ այլ համազեկուցող, միեւնույն է, հայաստանյան իշխանությունների համար նրանք բոլորն էլ անցանկալի մարդիկ են, որովհետեւ նրանք ԵԽԽՎ օրակարգում Հայաստանին առնչվող հարցեր են բարձրացնում, որոնք պատասխաններ այդպես էլ չեն ստանում։ Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով, եթե իշխանությունները չեն կարողանում պատասխանել իրենց ուղղված հարցերին, ապա բնական է, որ համազեկուցողների այցը Հայաստան եւ նրանց զեկույցները վերջիններիս համար անցանկալի երեւույթներ են։

Դիտարկմանը, թե արդյոք ինքնանպատակ կառույց չէ ԵԽԽՎ-ն, Փոստանջյանը նկատեց, որ թեպետ այն քաղաքական մարմին է եւ առաջնորդվում է ինչ-ինչ քաղաքական շահերով, սակայն փաստ է, որ եթե չլիներ ԵԽԽՎ ամբիոնը, Հայաստանում վիճակն ավելի վատթար կլիներ։ «Իշխանությունները, ինչ խոսք, հաշվի են նստում ԵԽԽՎ բանաձեւերի հետ»,- փաստեց հայկական պատվիրակության անդամը։   

Զարուհի Փոստանջյանը նաեւ գոհունակություն հայտնեց, որ իր կողմից ԵԽԽՎ-ում ներկայացված մի շարք փաստաթղթերի տակ ստորագրել են նաեւ հայկական պատվիրակության իշխանական թեւի ներկայացուցիչները։ «Անցած տարվա դեկտեմբներին, օրիկնակ, երբ ես շրջանառության մեջ էի դրել Չավուշօղլուի՝ ԵԽԽՎ նախագահ ընտրվելն արգելափակոց փաստաթուղթը, պատվիրակության ներկայացուցիչները հրաժարվեցին ստորագրել դրա տակ։ Դա հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փուլն էր, հայկական իշխանությունները արձանանագրությունների վավերացմանն էին սպասում եւ չէին ուզում թուրք թեկնածուի դեմ բողոք  հայտնելով՝ հարաբերություններ փչացնել։ Հիմա ըստ Սերժ Սարգսյանի, մենք սովորում ենք թուրքերի հետ հարաբերվել։ Երեւի հիմա սովորել են ինչ-որ բաներ»,-ամփոփեց Փոստանջյանը։

«Արդեն հունվարին մեզ մեկ այլ բան է սպասվում։ ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուին կմիանա նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն։ Հայաստանյան իշխանությունները ինչ-որ չափով գիտակցում են այս ամենը։ Եթե նրանք սկսել են սովորել, շատ լավ առիթ է նաեւ ներքին խնդիրներին լուծում տալը, իսկ դրանցից ամենակարեւորներից մեկը քաղաքական հայացքների համար բանտախցերում փակված մարդիկ չունենալն է։ Մինչեւ հունվարյան նստաշրջան իշխանությունները հնարավորություն ունեն լուծում  տալ այս եւ մի քանի այլ հարցերի»,- ամփոփեց Փոստանջյանը։