ԱՄՆ-ում բանտարկյալները զինվորականների համար դեֆեկտավոր սաղավարտներ են պատրաստել: Այս մասին ասված է ԱՄՆ արդարադատության նախարարության գլխավոր տեսուչի զեկույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սաղավարտները պատրաստվել են Դաշնային բանտային արտադրողական ծառայություններ (FPI) պետական ընկերության կողմից ցամաքային ուժերի եւ ծովային հետեւակի համար: Ընկերությունը Օհայոյում տեղակայված ArmorSource ֆիրմայի ենթակապալառուն է:

2010-ին ԱՄՆ ցամաքային զորքերը, վկայակոչելով ArmorSource-ի գործունեության դեմ հետաքննությունը, հայտնել էին, որ հետ է կանչվել 44 հազար սաղավարտ, որոնք օգտագործվել են նաեւ Աֆղանստանում:  ԱՄՆ արդարադատության նախարարությունն այն ժամանակ հայտնել էր, թե ապացույցներ կան, որ դրանց արտադրության ժամանակ անթույլատրելի նյութեր եւ տեխնոլոգիաներ են օգտագործվել, որոնք կարող էին թուլացնել ամերիկացի զինվորականների ապահովությունը մարտում:

Մարտին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ հարթել է ArmorSource-ի դեմ բողոքի հարցը՝ նշելով, որ կապալառուն եղել է FPI-ն: Նոր զեկույցի համաձայն՝ հենց FPI-ն է արտադրել սաղավարտները՝ օգտագործելով չթույլատրված նյութեր, ժամկետն անց ներկ եւ թույլ տալով այլ անփութություններ: