Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները ձախողումներ են կրել արտաքին քաղաքականության մեջ, հոկտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նրա կարծիքով, բացի Հայաստանից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մյուս բոլոր մասնակիցները շահող եղան: «Թուրքիան կրկնակի հաղթեց: Նախ, կարողացավ հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը՝ պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման պահանջ դնելով: Երկրորդ, սկսեց մեծ դեր խաղալ ղարաբաղյան հարցում: Շահումով դուրս եկավ նաեւ ԱՄՆ-ը, Հայոց ցեղասպանության բանաձեւն այլեւս չի թունավորում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները»,- նշել է Զուրաբյանը:

Նրա կարծիքով, Հայաստանի իշխանություններն այդ զիջումներին գնացին սահմանի բացման նպատակով, սակայն նրանց ջանքերն ապարդյուն անցան: «Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանն այդ գործընթացից մեկ կարեւոր դիվիդենտ քաղեց: Վերջին 1,5 տարում, շնորհիվ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, Սարգսյան կարողացավ քաղաքական օրակարգն այլ հուն մղել եւ այդկերպ փրկել կառավարող վարչակազմը»,- նշել է Զուրաբյանը:

Անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ Զուրաբյանն ասել է. «Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը ինչ-որ չափով բարձրացվում է նաեւ մեր ջանքերով: Այժմ հայտարարություններ են արվում, թե առանց Ստեփանակերտի մասնակցության ղարաբաղյան կարգավորումը չի կարող արդյունավետ լինել, բայց իշխանությունների քաղաքականությունը հակասում է իրենց իսկ հայտարարություններին»:

Նրա կարծիքով, Հայաստանն արհամարհում է Լեռնային Ղարաբաղին բոլոր հարցերում՝ նրան հլու-հնազանդ կցորդի վերածելով: «Ինչպե՞ս միջազգային հանրությունը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը, եթե դա չի անում Հայաստանը, եթե Երեւանը ղարաբաղյան իշխանություններին վերաբերվում է մարզային իշխանությունների պես կամ ավելի վատ»,- ասել է Զուրաբյանը: Նա նշել է, թե ղարաբաղյան հարցի հետ կապված իրավիճակը բոլորվին այլ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք: