10 կուսակրոնից կազմված քննչական խումբն օգնել է ավելի քան 600 խարդախի բացահայտել, որոնք ներկայանում էին որպես Ուտայշան սրբազան լեռան կուսակրոններ, հայտնում է չինական լրատվական Սինհուա գործակալությունը: 

Ուտայշան լեռը չինական բուդդայականության չորս սրբազան լեռներից մեկն է:  Գտնվում է Շանսյի նահանգի Սինչժոու քաղաքային օկրուգում:  Բուդդայական հայտնի սրբավայր ամեն տարի միլիոնավոր ուխտավորներ են այցելում: Այդ վայրը հայտնի է նաեւ ինքնակոչ կուսակրոններով, որոնք գումարի դիմաց ճակատագիր են գուշակում, ողորմություն են խնդրում կամ էլ հանդես են գալիս փողոցային շոուներով: 

Հաղորդվում է, որ այս տարվա մարտին քննչական խումբ է ստեղծվել: Խմբի անդամները հատուկ կրծքանշաններ են կրում, կանոնավոր պարեկում եւ անսպասելի ստուգումներ են իրականացնում:   

Խմբի ղեկավարի խոսքով, իրենք դեմքով ճանաչում են տեղի կուսակրոններին, իսկ անծանոթներին խնդրում են փաստաթուղթ տրամադրել եւ հայտնել իրենց այցի մանրամասները:  Եթե նրանք չեն կարողանում հատուկ   «բուդդայական հավաստագիր» ցույց տալ, քննիչները վերցնում են կուսակրոնի նրանց հագուստը եւ միջադեպի մասին հայտնում են ոստիկանությանը: 

Այս պահին «քննիչ-կուսակրոններին» հաջողվել է ավելի քան 600 ինքնակոչի բացահայտել եւ ավելի քան 500 կուսակրոնական հագուստ առգրավել: