Բելգիայում էթնիկ թուրքերն իրենց հասցեին սպառնալիքների պատճառով ստիպված են երեխաներին հանել այն դպրոցներից, որոնք ֆինանսավորվում են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենին մոտ կանգնած կազմակերպությունների կողմից, հայտնում է   Belga գործակալությունը:

«Սպառնալիքը վերաբերում է այն ծնողներին, որոնց երեխաները սովորում են Ֆլանդրիայի եւ Բրյուսելի մայրաքաղաքային շրջանի տարրական եւ միջնակարգ դպրոցներում:  Անդերլեհտում «Լյուցերն» քոլեջի տնօրենի խոսքով (Բրյուսելի` մահմեդական բնակչության ամենամեծ մասնաբաժին ունեցող շրջանը), դրանց հետեւում (սպառնալիքների) կանգնած են կազմակերպություններ, որոնք աջակցում են Թուրքիայի նախագահ Թայյիփ Էրդողանին», — գրում է գործակալությունը:

Բելգիայի ՆԳՆ-ին կից սպառնալիքների վերլուծության կենտրոնը  (OCAM) Բելգիայում Էրդողանի եւ Գյուլենի կողմնակիցների բախման հավանականությունը գնահատում է որպես «միջին»: Ոչ բռնի բնույթի մի շարք միջադեպեր արդեն գրանցվել են Անտվերպենում, Բրյուսելում, Շառլռուայում եւ Լիմբուրգի նահանգում:   

Բելգիայում էթնիկ թուրքերի 69 տոկոսը, որոնք երկքաղաքացիություն ունեն, Թուրքիայում վերջին նախագահական ընտրություններին, ԶԼՄ-ների տվյալներով, իրենց ձայնը տվել են Էրդողանին: 

Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում ապստամբների խումբը ռազմական հեղաշրջման փորձ է իրականացրել: Հիմնական դիմակայությունը ծավալվել է  Անկարայում եւ Ստամբուլում: Վերջին տվյալների համաձայն, Թուրքիայի 246 քաղաքացի զոհվել է, չհաշված ապստամբներին, ավելի քան 2 հազար մարդ վնասվածքներ է ստացել, ապստամբությունը ճնշվել է: Թուրքիայի իշխանությունները քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցության համար եւ ԱՄՆ-ից նրա արտահանձնումն են պահանջել: Ինքը` Գյուլենը դատապարտել է ապստամբությունը եւ հայտնել, որ կապ չունի դրա հետ: