Եվրոպացի քաղաքական գործիչները, պոպուլիստների ազդեցության տակ հայտնվելով, չեն կարող ամբողջությամբ կատարել Թուրքիայի հետ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները, միաժամանակ Անկարային մեղադրում են շանտաժի համար, հինգշաբթի հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն: 

«Նրանք (եվրոպական կուսակցությունները) սկսել են ազգայնական արմատական շարժումների հետ մերձեցման միտումներ դրսեւորել, որպեսզի նրանց աջակցությունը ստանան եւ վերադարձնեն այն ձայները, որոնցից զրկվել են:   Ըստ էության, պոպուլիզմի պատճառով նրանք չեն կարող ամբողջությամբ կատարել ստորագրված պայմանագրի պայմանները եւ տեր կանգնել իրենց խոստմանը: Կամա թե ակամա, նրանք ստիպված են մասնակցել այդ պոպուլիստական քաղաքականությանը, դրա ազդեցությանը ենթարկվել», — հայտնել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով, Անկարան ԵՄ-ի հետ երկխոսության մեջ կոչ է անում   «հետեւել ստորագրված համաձայնագրերի բոլոր պայմաններին եւ կետերին»:

«Չի կարելի ընտրովի ընդունել կամ չընդունել համաձայնագրի այս կամ այն կետերը: Պետք է կամ ամբողջը կատարել կամ` ոչինչ: Ի պատասխան մեր այդ դիրքորոշմանը, նրանք մեզ մեղադրում են շանտաժի եւ վախեցնելու մեջ: Ոչ, մենք ոչ մեկին չենք սպառնում, բայց ինչո՞ւ են կնքվել այդ համաձայնագրերը: Որպեսզի դրանք կատարվեն: Հակառակ դեպքում, մենք ինչո՞ւ էինք այն ժամանակ ստորագրում դրանք:   Նրանք սովոր չեն նման դիրքորոշման  եւ այդ պատճառով դժգոհություն են զգում», — հավելել է Թուրքիայի արտգործնախարարը: