Ինդոնեզիայի իշխանություններն ընկերություններին արգելել են փրկագին վճարել իրենց այն աշխատակիցների համար, որոնք Ֆիլիպինների հարավում գործող «Աբու Սայաֆ» ահաբեկչական կազմակերպության կողմից պատանդ են վերցվել, հայտնում է  The Jakarta Post թերթը:

«Եթե կառավարությունը որոշել է բանակցությունների չգնալ եւ չվճարել ծայրահեղականներին, ոչ ոք չպետք  է ինքնուրույն անի դա, որովհետեւ ահաբեկիչները մշտապես կօգտվեն դրանից», - երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Գատոտա Նուրմանտիոյին է մեջբերում պարբերականը: 

Նրա խոսքով, Ջակարտան եւ Մանիլան «Սուլուի ծովի ավազանում հանցավոր գործունեության վերացման ամուր մտադրություն ունեն», այդտեղ այս տարի   «Աբու Սայաֆի» գրոհայինները մի քանի անգամ հարձակվել են ինդոնեզական եւ մալայզիական նավերի վրա` պատանդներ վերցնելով: Բացի այդ, գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ «կողմերը կշարունակեն երկրի գերի ընկած քաղաքացիների ազատագրման գործողությունը»:

Միաժամանակ օգոստոսի 15-ին սպառվել է ավելի վաղ ծայրահեղականների կողմից առաջ քաշված վերջնագրի ժամկետը, նրանք պահանջել էին փրկագին վճարել ինդոնեզացի ինը նավաստու համար: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, գումարը մոտ   4,6 մլն դոլար է կազմում: