Ոստիկանության  ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների զենքն իշխանափոխության դեպքում կարող էր հայտնվել այն ոստիկանների հսկողության տակ, որոնք կանցնեին ժողովրդի կողմը: Այս մասին օգոստոսի 19-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է նախօրեին գրավի դիմաց կալանքից ազատված՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մտահոգությանը, որ զենքը չհայտնվի քրեական շրջանակների ձեռքում:

Մարտիրոսյանի խոսքով՝ Ոստիկանության 20 հազար աշխատակիցներից իշխանության կողքին են մնացել միայն ներքին զորքերի մի մասն ու հատուկ ջոկատները: «Զենքը կարող էր վերահսկել ԱԱԾ ինչ-որ մի ստորաբաժանում  կամ ԱԻՆ-ը, ազգային ոստիկանության ու ուժային կառույցների ներկայացուցիչները»,- ասել է Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Խորենացի փողոցում բողոքի ակցիաների ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն էր հայտնել այն կապակցությամբ, որ զինված խմբի զենքտը չհայտնվի քրեական շրջանակներում: