Հայաստանի եւ Կուբայի միջեւ համագործակցության մեծ պոտենցիալ կա տարբեր ոլորտներում, մասնավորապես տուրիզմի եւ դեղագործության:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում Կուբայի արտակարգ եւ լիազոր դեսպան Խուան Վալդես Ֆիգերոան:

Նա նշել է, որ տուրիզմի եւ դեղագործության ոլորտները շատ զարգացած են Կուբայում:

«Գենային ինժեներիայի ոլորտում մեր վերջին ձեռքբերումների շնորհիվ` մենք մշակել ենք բազմաթիվ նոր տարատեսակ դեղեր` ծանր հիվանդությունների դեմ, եւ այդ ոլորտում ունեցած փորձը կարող ենք փոխանցել Հայաստանի մասնագետներին եւ կազմակերպել այդ դեղամիջոցների ներկրումը»,-ասել է դիվանագետը:  Նա ընդգծել միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:

«Երկու երկրների խորհրդարաններում էլ կան բարեկամության պատգամավորական խմբեր, որոնք կարող են նպաստել միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը»,-ասել է դեսպանը` չբացառելով մոտ ժամանակներս երկու պետությունների խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերը:

Խուան Վալդես Ֆիգերոան նշել է , որ  երկկողմ համագործակցությանը կնպաստի նաեւ Հայաստանի եւ Կուբայի ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդակցությունների մասին պայմանագրի կնքումը»:

«Եթե երկկողմ կապերը, առեւտրա-տնտեսական համագործակցությունը, քաղաքական խորհրադակցություններն  ակտիվանան, կհասունանա նաեւ երկու երկրներում դեսպանատներ բացելու հարցը»,-ասել է նա: