Չնայած սկզբնական շրջանում վարորդների կողմից համատարած բնույթ կրող դժգոհությանը՝արդեն մի քանի օր է, ինչ երեւանյան փողոցներում ավելի ու ավելի քիչ են հանդիպում առանց ամրագոտիների երթեւեկողները։ Նրանք, ովքեր շաբաթներ առաջ «արհամարհում» էին ամրագոտիներն, այսօր արդեն առանց տրտնջալու կրում են դրանք։ Ինչու՞մն է պատճառը. հայ վարորդներն ավելի օրինապա՞հ են դարձել, թե՞…
Երեւանյան մի շարք տաքսի ծառայություններում անցկացրած հարցումից պարզ դարձավ, որ, գոնե իրենց իսկ խոսքերով, նրանք բոլորն էլ հետեւում են օրենքին՝ երթեւեկելով բացառապես ամրագոտիներով։ Ոմանք այդ սկզբունքով աշխատում են հիմնադրման օրից, ոմանք միայն վերջին օրերին։ NEWS.am- ի հարցին, թե նույնքա՞ն կարգապահ են արդյոք իրենց ծառայություններից օգտվող քաղաքացիները, տաքսի ծառայություններից պատասխանեցին, որ միանշանակ ոչինչ ասել չեն կարող. հաճախ պատահում են այնպիսիք, ովքեր հրաժարվում են ամրագոտիներ կրել։ Այդ կարգի մարդկանց կամ խնդրում են հետեւում նստել, կամ էլ պարզապես հրաժարվում են սպասարկել։ Իսկ ընդհանուր առմամբ, ուղեւորները չեն հակառակվում վարորդների ՝ամրագոտիներ հագնելու խնդրանքին։ Այնուամենայնիվ քիչ չեն դեպքերը, երբ ավտոտեսուչները կարգազանց ուղեւորների պատճառով տուգանում են վարորդներին։
Ինչեւէ… Որ վարորդների մեծամասնությունը գոնե առայժմ հետեւում է օրենքին, փաստ է, բայց թե որքան կշարունակվի սա, եւ թե որքան հետեւողական կլինեն օրինապահ մարմինները, թերեւս ավելի ուշ կերեւա։




























