Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 22-ին մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ՝ նրա պաշտպանի բողոքը:

Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց նրա որդին՝ Պարույր Վարդանյանը: Նա տեղեկացրեց, որ հայրը հրաժարվել է ներկա գտնվել բողոքի քննությանը:

Հովհաննես Վարդանյանի պաշտպան Անուշ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ եւ նրան այդ վիճակում կականքի տակ պահելը ճիշտ չէ:

Հովհաննես Վարդանյանը Երեւանի բնակիչ է, ամուսնացած է, ունի երկու որդի, որոնցից մեկը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ է: Նրա որդիներից Մարտին Վարդանյանը կալանավորվել է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը Հովհաննես Վարդանյանի խափանման միջոցը փոխելու բողոքի միջնորդությունը քննել էր օգոստոսի 19-ին:

Հովհաննես Վարդանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ պահել) եւ 235-րդ հոդվածներով (զենք, զինամթերք կրել, փոխադրել): Նա կալանավորված է: