Հաջորդ քայլը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունն է լինելու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանի փաստաբան Արա Կարագյոզյանը:
«Գտնում ենք, որ թեե խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով, բայց մենք Վճռաբեկ դատարան ենք դիմելու, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե Վճռաբեկից էլ մերժում ստանանք»,-նշեց նա:
Նրա խոսքով, դեռ քրեական գործը չի կարճվել, իբր նախաքննություն է իրականացվում. «Բայց տեսանյութերում երեւում է, թե ինչպես են Դավիթ Սանասարյանն ու «Ժառանգության» մյուս անդամները խաղաղության կոչեր անում: Մեր հաջորդ քայլը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունն է լինելու, քանի որ մեղադրանքն ապացուցող ոչ մի հիմք չկա: Այս փուլում մինչ օրս մենք որևէ հանցակազմ չենք տեսնում, միջնորդությանը կից ոստիկանության ցուցմունքներ են, այլ ապացույց չկա, կան տեսանյութեր, որտեղ Դավիթ Սանասարյանը բռնության գործողություններ չի հրահրում, ընդհակառակը խաղաղության կոչ է անում, որ բռնություններ տեղի չունենան»:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին քրեական գործ էր հարուցվել հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առիթով։ Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին, Հովսեփ Խուրշուդյանին։ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանն ավելի վաղ գրավի դիմաց ազատ են արձակվել:





























