Հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում իրավապահներին կողմից իրականացված ապօրինությունները կարելի է բաժանել 3 խմբի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով, առաջին խումբը խաղաղ հավաքների մասնակիցներն են, որոնք այժմ գտնվում են կալանքի տակ եւ որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների հիմքով:

«Երկրորդ խումբը նույն զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող քաղաքական գործիչներն են, որոնցից երկուսի կալանքի որոշումը փոխվել է գրավով, բայց դեռ երեք անձ կալանքի տակ է՝ Հովսեփ Խուրշուդյան, Դավիթ Հարությունյան եւ Անդրիաս Ղուկասյան: Բոլոր 5-ի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է:

Երրորդ խումբը նրանք են, որոնք մեղադրվում են «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ: Կարո Եղնուկյան եւ մյուսներ»,-ասաց նա:

«Եթե դիտարկենք իրավապահ մարմինների պահվածքը, ապա ակնհայտ է որեւէ տրամաբանության բացակայությունը: Ընտրովի արդարադատության իրականացումն ակնառու է այստեղ: Բայց հիմնական միտումը, որ ընդհանուր է, ապօրինի հետապնդումն է, այդ թվում արժանապատվությունը նվաստացնող, նաեւ խոշտանգման հասնող վերաբերմունքը»,-նշեց Սաքունցը:

Նրա խոսքով, տեղի ունի ակնհայտ քաղաքական հետապնդում, բացի «Սասնա ծռերից» բոլորի նկատմամբ: «Բոլորի նկատմամբ պետք է փոխվեն կալանքի որոշումները եւ դադարեցվի քրեական հետապնդումը: Ավելին ՀՔԾ-ն պետք է շատ ավելի արդյունավետ գործի ապօրինություններ թույլ տված ոստիկանների նկատմամբ: Այսօր արդեն կարող ենք խոսել առնվազն 770 քաղաքացիների բերման ենթարկելու մասին: Առնվազն դրա կեսի չափով՝ շուրջ 300 ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում պետք է լիներ, այդ թվում ՀՀ ոստիկանապետի, փոխոստիկանապետերի նկատմամբ, նաեւ այն ոստիկանների ապօրինի գործողությունները երեւում են տեսանյութերում: Բայց մենք չենք տեսնում այդ ջերմեռանդությունը ՀՔԾ-ի կողմից՝ ուղղված ոստիկանության ապօրինությունների բացահայտման հարցում:

Սա ցույց է տալիս ընտրողական արդարադատության դրսեւորումը, օրենքի առջեւ բոլորի հավասար լինելու սկզբունքի բացակայությունը: Սա ես համարում եմ ակնհայտ միտում հնարավորինս զերծ պահել ապօրինություն թույլ տված ոստիկաններին քրեական պատասխանատվությունից, ընդհուպ մինչեւ համոզելով քաղաքացիներին, որ բողոքներ չգրեն: Ասում են՝ մեկ է, ոչինչ չի փոխվի, ավելորդ բարդացնելու եք ձեր կյանքը»,- իր խոսքն ամփոփեց իրավապաշտպանը: