«Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը օրեցօր վատանում է, սակայն վիրահատություն չի կատարվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր` օգոստոսի 22-ին ասել է Հովհաննես Հարությունյանի պատպան Արա Ղարագյոզյանը:
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը ՊՊԾ գնդում հրզենային վիրավորում է ստացել ոտքից, նա գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում:
«Ոտքի մատները այլեւս չի կարողանում շարժել, օրեցօր վիճակը վատանում է, սակայն վիրահատություն չի կատարվում: Առաջին անգամ բեկորներն են հանել ոտքից, հիմա պետք է վիրահատություն կատարվի, օրեցօր ցավերը ուժգնանում են, դեղեր ներարկում են, որը չի էլ օգնում: Բժիշկները պատճառաբանում են, որ դեռ վիրահատության ժամանակը չէ»,-ասել է պաշտպանը:
Նրա խոսքով` այդ առողջական վիճակում պատճաշ բուժօգնություն չցուցաբերելը համարվում է խոշտանգում:
«Եվրոպական դատարանը նախադեպային որոշում ունի, որ պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելը համարվում է խոշտանգում, պաշտպանները դա դիտարկում են որպես անմարդկային վերաբերմունք, խոշտանգում, որովհետեւ մարդը ժամանակին չի վիրահատվում: Մենք այսօր ստիպված արդեն դիմել ենք Կարմիր խաչի միջազգային առողջապահության կազմակերպությանը, որ նրանք արձագանքեն, հարցում ուղարկեն` պատճառն ինչ է, որ վիրահատություն տեղի չի ունենում, նրաք պետք է այսօր այցելեն Հովհաննեսին»,-ասել է Արա Ղարագյոզյանը:
Փաստաբանը նշեց, որ այսօրվանից դադարեցվել է դատապարտյալների հիվանդանոցում բուժակների ծառայությունը: Այսինքն` «էրեբունի» բժշկական կենտրոնը այլեւս վերահսկողություն չի իրականացնելու, ինչի վերաբերյալ հիմնավորում չեն ներկայացրել պաշտպաններին: Պաշտպանը այս որոշման մեջ միտում են տեսնում, եւ Հովհաննեսի նկատմամբ այս վերաբերմունքը համարում է խոշտանգում:





























