Ռուսաստանում կողոպուտի համար դատապարտված 25-ամյա ավտոմեխանիկ Սերգեյ Սեդրակյանը դատարանի դահլիճում դատավճռի հրապարակումից հետո սայրով կտրել է փորը:

2015 թվականի օգոստոսին Սերգեյ Սեդրակյանին ոստիկանները ձերբակալել են կողոպուտի կասկածանքով: Իրավապահների վարկածով՝ նա խոշոր չափի գումար հափշտակելու նպատակով հարձակում է կազմակերպել  ծանոթ գործարարների մեքենայի վրա :

Դատապարտյալի խոսքով՝ իր եւ տուժողների միջեւ կենցաղային վեճ է ծագել, որը կողոպուտի փորձով չի ուղեկցվել: Սերգեյ Սեդրակյանի կինը «ՄԿ» թղթակցի հետ զրույցում հաստատել է ամուսնու վարկածը եւ հայտնել է, որ վեճից հետո ինքն է դիմել ոստիկանություն հայտարարություն տալով ձեռնարկատերերի դեմ: Չնայած դրան, ոստիկանները ոչ թե այդ տղամարդկանց, այլ Սեդրակյանին են ձերբակալել, որից հետո մեղադրել են կողոպուտի մեջ:

Օգոստոսի 18-ի դատական նիստի ընթացքում Լյուբերցիի դատարանը Սերգեյ Սեդրակյանին դատապարտել է  5 տարվա ազատազրկման, որը կրելու է խիստ ռեժիմի գաղութում: Դատավճռի հրապարակումից հետո դատապարտյալը հանել է թաքցրած սայրը եւ դրանով կտրել փորը: Դատական կատարածուները նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրան շտապ բուժօգնություն է ցուցաբերվել: Այժմ տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում:

Դատապարտյալի պաշտպանը հայտարարել է, որ մտադիր է դատավճիռը բողոքարկել: