Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել քաղաքական գործիչներ Արմեն Մրատիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին, ապա նույնն էլ պետք է անի Անդրիաս Ղուկասյնի դեպքում, քանի որ նրանք երեքն էլ կալանավորվել էին նույնատիպ մեղադրանքներով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Սա չեմ համարում օրինական լուծում, բայց գոնե սա այն լուծումն է, որ անձինք իրենց իրավունքները կփորձեն պաշտպանել ազատության մեջ»,- ասաց փաստաբանը։
Լուսինե Սահակյանի խոսքով՝ թե Անդրիաս Ղուկասյանի, թե Արմեն Մարտիորսյանի եւ Դավիթ Սանասարյանի գործողությունները եղել են հանրության աչքի առջեւ եւ ակնհայտ է, որ նրանք անկարգությունների կոչեր չեն արել եւ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքներն անհիմն են։
«Սարի թաղում կատարվածը զանգվածային անկարգություն չի կարելի համարել։ Դա եղել է խաղաղ հավաք, որին եթե եղել է միջամտություն, եղել է պետության, մասնավորապես ոստիկանների կողմից, անձիք դաժան ծեծի են ենթարկվել։ Գործողություններ են, որոնց համար պետք է պատասխանատու լինեն ոստիկանները։ Մինչդեռ իրենք դուրս են մնում պատասխանատվությունից»,- ասաց Լուսինե Սահակյանը։
Փաստաբանի խոսքով՝ Անդրիաս Ղուկասյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ նա փորձել է սեփական կարծիքն ունենալ, դա արտահայտել, չհանդուրժել մարդու իրավունքների խախտումը։ Ըստ փաստաբանի՝ տեղի ունեցածը ակնհայտ միջամտություն է խոսքի ազատության իրավունքին եւ իրենք հետեւողական են լինելու, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչի այդ խախտումը։
Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցի դեմ պաշտպանի բողոքի քննությունը տեղի կունենա օգոստոսի 24-ին։
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանն օգոստոսի 1-ից հացադուլի մեջ է։ Փաստաբանը նշեց, որ նա վճռական է տրամադրված, առողջական վիճակը վատ չէ, թեեւ թույլ է, ճնշման տատանումներ ունի։
Անդրիաս Ղուկասյանն իր հացադուլի մասին հայտարարել էր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ իր ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում: Նա նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ պահանջում է ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ եւ վերականգնել արդարադատությունը, իրեն հասանելի բոլոր միջոցները:
Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-ի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանությունն ուժային գործողությունների է դիմել: ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա։ Պաշտոնական տվյալներով, 73 մարդ մարմնական վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոցներ: Ակցիայի ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ էին տուժել: Բերման էր ենթարկվել 165 մարդ, որոնցից 26-ը ձերբակալվել էր:
NEWS.am-ի տեղեկություններով շուրջ 60 անձի մեղադրանք է առաջադրվել այս գործով։
47-ն այն անձինք են, որոնք կամ հուլիսի 17-ին մտել են ոստիկանության պարեկա- պահակային գնդի տարածք, կամ մեղադրվում են գնդի տարածք մտած անձանց օժանդակելու մեջ: Բացի դրանից, այս գործին միացվել է նաեւ Ժիրայր Սեֆիլյանի դեմ ամիսներ առաջ հարուցված քրեական գործը, որի շրջանակում կա 9 մեղադրյալ: «Սասնա ծռեր» խմբին միացվել է նաեւ անցած տարվա ձմռանը «Հիմնադիր խորհրդարանի» 5 անդամների դեմ հարուցված քրեական գործը, երբ մեղադրանք էր առաջադրվել Ժիրայր Սեֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին, Գեւորգ Սաֆարյանին ու Գարեգին Չուգասզյանին:
Սարի թաղում եւ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների գործով էլ կա շուրջ 27 մեղադրյալ: Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու կամ մասնակցելու մեջ:





























