Հայաստանը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետեւանքներից:
Հայաստանի ՀԿ-ների նախաձեռնությամբ եւ առողջապահության նախարարության ներկայացմամբ 2008 թվականի դեկտեմբերի 18-ին Կառավարությունը որոշում ընդունեց, որոն հոկտեմբերի 12-ը նշվում է որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ (16 տարեկանից սկսած) բնակչության 27 տոկոսը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, ուր տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52 տոկոս, իսկ աշխատունակ տղամարդկանց (20-ից բարձր)` 57.7 տոկոսը: Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության նման պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների հիվանդացության բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտի օգտագործումը հիմնական ռիսկի գործոն է: Կանանց մոտ ցուցանիշները նախընտրելի են: Այստեղ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերությունը Երեւանի /ավելի բարձր/ եւ այլ մարզերում բնակվող կանաց շրջանում: Նշենք, որ տարիների ընթացքում հնարավոր եղավ հասնելու որոշակի դրական տեղաշարժի տղամարկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության նվազեցման առումով:
Ըստ հետազոտությունների` դպրոցականների շրջանում (13-15 տարեկան) ընթացիկ ծխողներ են 3.5 տոկոսը (6.1 տոկոս տղաները եւ 1.2 տոկոս աղջիկները), չնայած Եվրոպական տարածաշրջանում այս տարիքի երեխաների մոտ ծխելու տարածվածությունը կազմում է 27-30 տոկոս եւ մեր համեմատ այն բավական բարձր է, բայց դա չի կարող մխիթարանք լինել:
Երկրորդային ծխախոտի ծխի ներգործությունը նույնպես լուրջ գործոն է հայաստանցիների համար: Թեեւ հասարակական վայրերում ծխելը կանոնակարգող մի քանի օրենք եւ օրենսդրական ակտեր արդեն ընդունված են, սակայն գոյություն ունեն դրանց կիրառման հետ կապված որոշ խնդիրներ:
Ծխելու դեմ պայքարը շարունակում է մնալ երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկը: Այս տարի ՀՀ կառավարությունը հասատատեց «Ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը»: Այն նախատեսվում է իրականացնել 2010-2015 թվականների ընթացքում: Ծրագրի նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաեւ սոցիալական, բնապահպանական եւ տնտեսական բացասական հետեւանքներից: Ծրագրի նպատակին եւ առաջադրված խնդիրների լուծմանը կարելի է հասնել հիմնական ռազմավարությունների համալիր իրականացման ճանապարհով:
Չնայած որոշակի առաջընթացին, առկա են որոշ բացեր, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն եւ հաստատակամություն վարվող քաղաքականության եւ գործունեության մեջ: Օրակարգում առկա են մի շարք իրավական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են այդ բացերի լրացմանը:



























