«Ոստիկանության տնտեսական վարչության թիվ 1 մանկապարտեզը», որը 2006-ին անվանափոխվել եւ կոչվում է «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն, իր գործունեությունը շարունակում է դեռեւս հին հասցեում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Կենտրոնի տնօրեն Լուսինե Գալստյանը։

Նրա խոսքով, թեպետ խոստացել էին, որ իրենց համար նախատեսված նոր տարածք կարող են տեղափոխվել արդեն հոկտեմբերին, սակայն վերջերս պարզ է դարձել, որ մանկապարտեզը նոր հասցե կարող է տեղափոխվել նախատեսվածից մեկ ամիս ուշ։

«Կտեղափոխվենք մոտավորապես մեկ ամսից։ Պատճառը վերանորոգման հետ կապված խնդիրներն են։ Իսկ մինչ այդ կգործենք սովորական ռեժիմով»,- նշեց «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունն իր 2010-ի մարտի 18-ի որոշմամբ՝ «Երեխայի զարգացման կենտրոնի» անվանափոխված մանկապարտեզն ուղղակի վաճառքի ձեւով օտարվել է «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ին: Տարածքն ընկերությանը վաճառվել է մանկապարտեզի տեղում էլիտար շենք կառուցելու նպատակով: Զարմանալին այն է, որ մանկապարտեզի տնօրենը դժգոհ չէ կառավարության այդ որոշումից։ NEWS.am-ի թղթակցի հետ ավելի վաղ ունեցած զրույցում Լուսինե Գալստյանը նշել էր, որ հարցն այսկերպ լուծելը՝ այն է, 30-ամյա վաղեմություն ունեցող եւ ոչ մի անգամ չհիմնանորոգված շենքը մասնավոր ընկերությանն օտարելն իրենց ոչնչով չի վնասում։ «Մենք չենք լուծարվելու եւ շարունակելու ենք գործել այլ հասցեում՝ 2 տարի անց նույն այս հասցե վերադառնալու պայմանով՝ զբաղեցնելով կառուցվելիք շենքի առաջին հարկը»։

Նշենք, որ մամուլում շրջանառվող խոսակցությունները, թե տարածքը ձեռք է բերել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, նրա իսկ կողմից ավելի ուշ հերքվել էին։