ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրատվությունը» լրատվամիջոցների եւ լրագրողների 5-րդ համահայկական համաժողովին եւ հանդես եկել ողջույնի խոսքով:

ԼՂՀ նախագահի ելույթում, մասնավորապես, ասվում է.

«Միանգամայն ակնհայտ է, որ տեղեկատվության ոլորտը հայոց անկախ պետականության զարգացման ու զորացման, աշխարհով մեկ սփռված հայության ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման, Արցախի միջազգային ճանաչման, համազգային նպատակների իրականացման հանգուցային բաղադրամասերից է:

Անգնահատելի է հայ լրատվության դերը համահայկական կարեւորագույն խնդիրների` հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Արցախյան հիմնահարցի ճշմարտացի լուսաբանման գործում: Այս խնդիրների լուծումն անհնարին է առանց հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնական ջանքերի համախմբման: Աշխատանքներն այս ուղղությամբ պահանջում են սերտ կապեր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի քաղաքական, լրատվական, գիտակրթական, վերլուծական եւ այլ շրջանակների միջեւ:

Ողջունելի է, որ համաժողովի ընթացքում լայնորեն կքննարկվեն վերոհիշյալ հարցերը: Հուսով եմ, այդ քննարկումներն օգտակար կլինեն միասնական լրատվական ճակատն ուժեղացնելու, առկա բացերը շտկելու, կեղծիքների վրա հիմնված հակառակորդի քարոզչությունը չեզոքացնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի մշակման տեսանկյունից: 

Բարեկամներ, վստահ եմ, որ այս համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները եւ կնպաստի տեղեկատվական ոլորտում գործնական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, իսկ նրա մասնակիցներին` հաջողություններ` հանուն հայոց պետականության հզորացման ու մեր համազգային նպատակների իրականացման»: