Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 13-ին մասնակցել է «Անի պլազա» հյուրանոցում հրավիրված միջազգային աշխատաժողովին, որը նվիրված է խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների արդյունավետ ցանցի ստեղծման հարցերին։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կառավարության անունից վարչապետը ողջունել է շուրջ երեք տասնյակ երկրներից Երեւան ժամանած աշխատաժողովի մասնակիցներին եւ նշել, որ Հայաստանը դեռեւս 2006 թվականին է դարձել ՄԱԿ-ի «Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձեւերի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը մասնակից պետություն։
ՀՀ Ազգային Ժողովում կոնվենցիայի վավերացումից հետո մեր երկիրը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ճանաչել է կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ: «Թե միջազգային եւ թե ներպետական մակարդակներում մենք ձգտում ենք հաշվի առնել միջազգային լավագույն փորձը։ Այդ տեսակետից խիստ օգտակար կլինի այսօրվա աշխատաժողովը», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը։
ՀՀ վարչապետը բեղմնավոր աշխատանք է մաղթել աշխատաժողովի մասնակիցներին եւ համոզմունք հայտնել, որ փորձի փոխանակումը կհուշի, թե մեր երկիրն ինչ լրացուցիչ միջոցների գործադրմամբ կարող է բարձրացնել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության արդյունավետությունը։


























