Հայ ազգային կոնգրեսի համար Ազատության հրապարակը գերխնդիր է դարձել։ Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանը։
Նրա հավաստմամբ, ՀԱԿ-ը տարբեր հայտարարություններով ժամանակ առ ժամանակ փորձում է հիշեցնել իր մասին։ «Տարիների ընթացքում ՀԱԿ-ի համար նախագահական նստավայրը փոխարինվել է Ազատության հրապարակով։ Առաջ նրանց համար գերխնդիրը նախագահական նստավայրն էր, հիմա` Ազատության հրապարակը: Դա պատահական չէ, այլ պայմանավորված է ակտիվության պակասով, որ այսօր տեսնում ենք ՀԱԿ-ում: Եթե կատակով ասեմ, լավագույն ձեւը մի հատ օպերա գրելն է, սպասելը, որ այդ օպերան որոշակի ճանաչում ունենա, որից հետո հնարավոր կլինի տարիներ անց հայտնվել Ազատության հրապարակում»,-ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ Հայ ազգային կոնգրեսի գործունեության մեջ շատ հստակ է «ներիշխանական քամիներ բռնելու» ձգտումը։
Ինչ վերաբերում է Կովկասյան երկրների ազատական կուսակցությունների կողմից համատեղ հռչակագիր ստորագրելուն, որը հայկական կողմից ստորագրել է ՀՀՇ-ն, Կարեն Ավագյանն ասաց. «Մուսավաթ» կուսակցության հետ ՀԱԿ-ի վերջին հռչակագիրը Եվրոպայի աչքերին պուպուշ երեւալու փորձ է։ ՀԱԿ-ը հռչակագիր է ստորագրում կուսակցության հետ, որը հայտնի է իր հակահայ դրսեւորումներով: Սա բավական խոսուն է»:
Ամփոփելով՝ ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ ինքը չի վախենում, որ մի օր ՀԱԿ-ի համբերության բաժակը կլցվի եւ նրանք Ազատության հրապարակ կուղեւորվեն առանց Երեւանի քաղաքապետարանի թույլտվության։ «Մենք նման մտավախություն չունենք։ Բացի այդ, ՀԱԿ-ում սերնդափոխության խնդիր կա, դա երեւում է Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունից եւ պասիվությունից։ ՀԱԿ-ում դեռեւս չի ձեւավորվել երկրորդ անձը, ով կարող է փոխարինել նրան»,- համոզմունք հայտնեց Ավագյանը:




























