Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանը չի հերքում, որ կոալիցիոն կուսակցությունների միջեւ որոշակի խնդիրներ եւ տարաձայնություններ կարող են լինել: Նա այդ խնդրին անդրադարձել է այսօր` հոկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիում եւ նշել. «Ընդհանուր առմամբ դրա լավագույն բնութագիրը տվել է Սամվել Բալասանյանը՝ Պետրոս Ղազարյանի մոտ հյուր եղած ժամանակ, ասելով, որ ցանկացած զինվոր ուզում է գեներալ դառնալ։ Բայց դե ոչ բոլոր զինվորներն են գեներալ դառնում»:

«Եթե կան տարաձայնություններ, դրանք միմիայն աշխատանքային են եւ եթե կոալիցիոն գործընկերների միջեւ ավելի լուրջ տարաձայնություններ գոյություն ունենային, նրանք ուղղակի դուրս կգային  կոալիցիայից»,-ասաց Ավագյանը։

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի թեմային, ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ իր կարծիքով, դա նման է վազքի մրցումների։

«Նշանակություն չունի, թե ով ինչպես է սկսում, նշանակություն ունի այն, թե ում քաղաքական շնչառությունը կհերիքի հատել եզրագիծը։ Հավատացնում եմ ձեզ, որ 2012-2013 թվականներին քաղաքական շքերթը գլխավորելու է Հանրապետական կուսակցությունը, որովհետեւ ըստ իս, 1-2 տարիների ընթացքում չի ձեւավորվի այն քաղաքական միավորը, որը կկարողանա մրցել Հանրապետականի հետ»,- համոզմունք հայտնեց Ավագյանը՝ ավելացնելով, որ եթե խոսելու լինի սպորտային լեզվով, ՀՀԿ-ն քաղաքական դաշտում այսօր գրավում է գերծանրքաշային դիրք։ «ՀՀԿ զբաղեցրած կարգավիճակը թույլ է տալիս խոսել այդ մասին»,- հավելեց պատգամավորը։