Սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը Հայաստանի դպրոցներում ռուսական երգի փառատոն է ընթանում՝ «Երգը՝ բարեկամության կամուրջ» անվանումով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը:
Փառատոնը բաղկացած է երեք փուլերից, իսկ եզրափակիչ համերգը կայանալու է Երեւանում՝ նոյեմբերի 27-ին:
Մրցութային են համարվում ռուսական ժողովրդական երգերը, ռուսական հայրենասիրական երգերը, ռոմանսները, էստրադային երգերն ու հայկական երգերը՝ ռուսերենով;
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանում օտարարլեզու դպրոցների բացման խնդրին, Աղաջանյանը նշել է. «Ես ճիշտ եմ համարում Հայաստանում 10-12 օտարալեզու դպրոցների բացումը, եթե դրանց գործունեությունը խնդիրներ չի հարուցի հայալեզու կրթության պահպանման համար, քանի որ բազային կրթությունն իրականացվելու է հայերենով: Օտարալեզու դպրոցների դեմ բողոքի գործողությունները ցինիզմի նոտաներով հակառուսական հիստերիայի երանգներ ստացան»: Նա միաժամանակ հավելել է, թե այսօր Երեւանի փողոցներում շատ են անգլերեն ցուցանակները եւ տվյալ փաստը ոչ մեկին չի հուզում. «Նախ գրում են անգլերեն, իսկ հետո, եթե ստացվի` նաեւ հայերեն»:
Աղայանը նշել է, որ խորհրդային շրջանում Երեւանի 220 դպրոցներից ռուսական էին միայն 30-ը: «Եւ վերջապես պետք է հասկանալ, որ մասնագիտացված գրականությունը ռուսերեն է, իսկ առանց լեզվի բավարար իմացության ուսանողները չեն կարող օգտագործել այն»,- ամփոփել է Աղայանը:
Նշենք, որ օտարալեզու դպրոցների դեմ հանդես եկողները պնդում են, որ օտարալեզու կրթությունը խնդիրներ է հարուցում հայալեզու կրթության համար, քանի որ երեխան սկսում է մտածել ու խոսել օտար լեզվով, իսկ դա նշանակում է, որ առանց այդ էլ փոքրաթիվ հայ ազգի մեջ պակասում է հայերենը մայրենի համարողների թիվը:
Ի դեպ, ինչո՞ւ Ռուսաստանի հայերի միությունը չի նախաձեռնում, որ հայկական դպրոցներ բացվեն Ռուսաստանում, որտեղ կսովորեն նաեւ ռուս երեխաներ:



























