Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու դեպքում, համընդհանուր ընդվզում կլինի: Հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը` հավելելով, որ արցախցին երբեք նման բան չի հանդուրժի:
Անդրադառնալով նրան, որ պաշտոնական Ստեփանակերտը դեմ է տարածքների հանձնմանը, իսկ Երեւանը եւ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ են զիջումների գնալ, քաղաքագետն ասաց. «Բակո Սահակյանն Արցախի նախագահն է եւ գտնվում է խնդրահարույց բովի կիզակետում: Եթե նա լուրջ իրավիճակում չասի այն, ինչ հիմա է ասում, նույնիսկ Գորիս հասնելու խնդիր կունենա: Հետեւաբար նա տեղում գտնվելով, շատ ավելի լավ է պատկերացնում, թե ինչով է հղի տարածքներ հանձնելու նվազագույն փորձը, քան Սերժ Սարգսյանի մթագնած գիտակցությունն է: Այդ նկատառումներից ելնելով, Բակո Սահակյանն ասում է, որ իրոք ոչինչ չունենք հանձնելու: Ինքն ուրիշ տարբերակ չունի, այդպես պետք է ասի: Այլ բան է, որ նա ավելի հաճախ պետք է դա կրկնի»,-նշեց քաղաքագետը` հավելելով, որ ԼՂՀ նախագահը պետք է ավելի գործուն քայլեր ձեռնարկի ազատագրված տարածքների վերաբնակեցմանը զարկ տալու համար:
Իսկ թե ինչո՞ւ ներկայումս դրանք չեն վերաբնակեցվում, Քանանյանը նշեց, որ իշխանությունների համար ավելի ձեռնտու եւ եկամտաբեր է Ստեփանակերտում բնակարաններ կառուցել կամ Երեւանում Հյուսիսային պողոտա, քան ազատագրված տարածքներում տներ սարքել:




























