Այսօր Գառնիում ազգային մեծ միջոցառում էր «Արի տուն» խորագրով, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։ Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նա Գառնիի տաճարում հանդիպեց «Արի տուն» ծրագրի մասնակիցներին։
Ծրագրի նպատակն է Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, նպաստել սփյուռքահայ երիտասարդության՝ հայրենիքի զգացողության ձեւավորմանը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքային համակարգ, ազգային ինքնության գիտակցության, ծանոթացնել սփյուռքահայ երիտասարդությանը մեր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը։
ՀՀ կառավարության ղեկավարը ծրագրի երիտասարդ մասնակիցների հետ քննարկեց Հայաստանի Հանրապետության զարգացման հիմնախնդիրները, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու առաջընթացի հեռանկարները։
Վարչապետը նշեց, որ Սփյուռքի հետ մեր հարաբերությունները կանոնակարգելու ու զարգացնելու նպատակով է հիմնվել Սփյուռքի նախարարությունը, որն արդեն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր։ «Հայաստան-Սփյուռք գործակցությունը կառավարության առաջնայնություններից է։ Իսկ սփյուռքահայ երիտասարդներին վիճակված է լինել հայրենիքի նոր դեսպանները», ասաց Տ. Սարգսյանը։
Տիգրան Սարգսյանն իր առանձնակի շնորհակալությունը հայտնեց այն ընտանիքներին, որոնք ընդունել են Հայաստանը ճանաչելու եկած երիտասարդներին, ովքեր նրանց հետ կիսել են իրենց ընտանիքների ջերմությունը։
Վարչապետը հիշեցրեց, որ նրանք աշխարհի այս անկյունում Հայաստան կոչվող իրական հայրենիք ունեն եւ պատգամեց նրանց վերադառնալ։
Նա նաեւ պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին ու նրանց հետ շուրջպարի բռնվեց։



















