Իտալական մամուլն ակտիվորեն քննարկում է Եվրո-2012-ի նախօրեին չկայացած Իտալիա – Սերբիա հանդիպման հնարավոր հետեւանքները: Հանդիպումը դադարեցվել էր սերբ ֆուտբոլասերների անկարգությունների պատճառով: Gazzetta dello Sport հեղինակավոր պարբերականը ենթադրում է, որ ՈւԵՖԱ-ն կարող է Սերբիայի հավաքականին 0:3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցել:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իտալիա – Սերբիա ընտրական հանդիպումը ֆուտբոլասերների անկարգությունների պատճառով հետաձգվել է: Ագրեսիվ տրամադրված ֆուտբոլասերները խաղից առաջ նախ` առարկաներ են նետել իտալացի ոստիկանների վրա, ապա` մոտեցել են Սերբիայի հավաքականի ավտոբուսին եւ քարկոծել: Նույնիսկ դարպասապահ Ստոյկովիչը վնասվածք է ստացել: Անկարգությունները շարունակվել են Ջենովայի ստադիոնում: Սերբ ֆանատները դիմակներով բարձրացել են պատերի վրա եւ պատռել են ֆուտբոլասերներին պաշտպանող ցանցերը: Նաեւ ճայթռուկներ են նետել խաղադաշտ: Սերբերը նաեւ այրել են Կոսովոյի դրոշը եւ վանկարկել «Մահ կոսովցիներին»: Սերբիայի սպորտի նախարարն այդ միջադեպերից հետո հայտարարել է, որ Ջենովայում անկարգություններ հրահրած սերբ մարզասերները խայտառակել են ամբողջ երկիրը եւ սերբական սպորտը: Ձգձգումից հետո սկսված խաղում ֆուտբոլիստները վեց րոպե են անցկացրել, որից հետո դարձյալ սկսված անկարգությունների հետեւանքով մրցավարներն ու ֆուտբոլային պաշտոնյաները որոշել են դադարեցնել հանդիպումը:





























