2007 թվականից ConFluTech ծրագրի շրջանակներում Հայաստանից Գերմանիա եւ մի շարք այլ եվրոպական երկրներ են մեկնում բժշկական ոլորտի ներկայացուցիչներ՝ մասնակցելու տարբեր դասընթաց-քննարկումների։ ConFluTech ծրագրի նպատակը վտանգավոր ինֆեկցիոն տարբեր հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ նորարարական տեխնոլոգիաների փոխանցումն ու նոր տեխնոլոգիական մոտեցումներ սովորեցնելն է։

Այժմ, վերոնշյալ ծրագրի շրջանակներում, Հայաստանում է գտնվում Գերմանիայի Բորստել գիտական կենտրոնի պատվիրակությունը։ Գերմանացի մասնագետները հոտեմբերի 12-ից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հայ մասնագետների հետ միասին  դասընթաց-քննարկումներ են անցկացնում վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման եւ կանխարգելման հարցերի վերաբերյալ։

Պատվիրակության ղեկավար, Բորստելի գիտական կենտրոնի Իմունաբանության եւ անասնաբուժական ինֆեկտալոգիայի բաժանմունքի ղեկավար Ահմեդ Ջաբբարը NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք տպավորված են Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի, ինչպես նաեւ Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոնի սարքավորումներով եւ այնտեղ աշխատող երիտասարդ մասնագետներով։

«Հայերը բավականին պատրաստակամ եմ ինովացիոն ծրագրերի իրականացման համար»,-ասաց Ա. Ջաբբարը՝ նշելով, որ իրենք հայերից եւս շատ բաներ ունեն սովորելու եւ հանդիպումը երկուստեք ուսանելի էր։

«Անհրաժեշտ է համախմբել երկրի ներսում առկա ներուժը եւ  անպայման համագործակցել նաեւ արտերկրում գործող բժշկական կենտրոնների հետ՝ ավելի մեծ թվով երիտասարդների ուղարկել արտերկիր՝ դրսի լավագույն փորձը սովորելու եւ Հայաստանում այդ ամենը կիրառելու համար»,- հայ մասնագետներին խորհուրդ տվեց Ա. Ջաբբարը։

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Հասմիկ Գեւորգյանը վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախորդ տարի շուրջ 3 շաբաթով այցելել է Գերմանիա, Բորստելի գիտական կենտրոն, ծանոթացել տեղի լաբորատորիայի աշխատանքներին եւ դասընթացների մասնակցել։

NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում Հասմիկ Գեւորգյանն ասաց, որ Գերմանիայում ինքը սովորել է բազմաթիվ նոր անասնաբուժական  մոթոդներ, որոնց կիրառությունը շատ կարեւոր նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար, քանի որ, օրինակ, աֆրիկյան խոզի ժանտախտի պատճառով Հայաստանում հազարավոր խոզեր են ոչնչացվում։

Հ. Գեւորգյանի խոսքով, սակայն, իր ստացած գիտելիքների կիրառման համար Հայաստանում դեռ խոչընդոտներ կան։ «Ցավոք սրտի իմ ստացած գիտելիքներից շատերը չեմ կարողանում օգտագործել իմ երկրում, քանի որ այստեղ համապատասխան սարքավորումներ չկան եւ հնարավորություն չկա։ Այդ ամենի համար, նախ եւ առաջ, անհրաժեշտ է համապատասխան տեխնիկական բազա ունենալ»,- ասաց Հ. Գեւորգյանը։