Իսրայելի խորհրդարանի աջ հայացքներով հայտնի պատգամավոր Արյե Էլդադը պահանջում է սպանել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, երբ նա լիբանանյան այցի ընթացքում կմտնի բախման գոտի։

Այս մասին հայտնել է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով իսրայելական Kanal 10 հեռուստաընկերությանը։  «Ազգային միասնություն» կուսակցության պատգամավոր Արյե Էլդադը ասել է. «Եթե 1939-ին հրեա զինվորը սպաներ Հիտլերին, մարդկության պատմությունը այլ կերպ կընթանար»։

Իսրայելցի պատգամավորը նշել է, թե անհրաժեշտ է Ահմադինեժադին սպանել այն ժամանակ, երբ նա կմտնի իսրայելա-լիբանանյան սահմանի կրակային գոտի եւ կսկսի քարերով հարվածել Իսրայելին։

Արաբական թերթերը ավելի վաղ հայտնել էին, թե Ահմադինեժադի նախատեսել է Լիբանանում այցելել այն գյուղերը, որոնք իսրայելական օդուժի կողմից ավերվել են եւ ի նշան բողոքի, խորհրդանշական քար նետել Իսրայելի ուղղությամբ։