Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ողջունել է Հայաստանին եւ Թուրքիային, կապված «ներքին քաղաքական խորհրդակցություններ» սկսելու հետ, որոնք վերաբերում են երկու երկրների միջեւ «դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների ստորագրմանը:
«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացումը պատմական իրադարձություն կդառնա, որը կայունություն կապահովի տարածաշրջանում»,- ասված է Սարկոզիի վարչակազմի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանն ու Թուրքիան Շվեյցարիայի միջնորդությամբ ընթացող բանակցություններում պայմանավորվածության են հասել «ներքին քաղաքական խորհրդակցություններ» սկսել, կապված «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» եւ «Երկկողմ հարաբերությունները զարգացնելու» արձանագրությունների ստորագրման հետ: «Հիշյալ երկու Արձանագրությունները սահմանում են խելամիտ ժամկետում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ: Ներքին քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո երկու Արձանագրությունները կստորագրվեն եւ կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին` վավերացման համար: Երկու կողմերը կգործադրեն իրենց առավելագույն ջանքերը վավերացման արագ առաջընթացի համար` համաձայն իրենց սահմանդրական եւ օրենսդրական գործընթացների»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:




























