Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 60 մարդու` իշխանությունների նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումների դեմ պայքարի օրվա ընթացքում բռնություններ կիրառելու մեղադրանքով: Այս մասին հոկտեմբերի 13-ին, Ֆրանսիայի խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է երկրի ՆԳ նախարար Բրիս Օրտեֆեն:

Նրա խոսքով, ձերբակալվածներից 45-ի դեմ հետաքննություն է սկսվել` հասարակական կարգը խախտելու մեղադրանքով: 17 ակտիվիստներ արդեն հրավիրվել են ոստիկանություն` ցուցմունքներ տալու, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Օրտեֆեն պնդում է, որ այդ մարդկանց գործողությունները պետք է համարել հանցագործություն, քանի որ նրանք «ոչ մի կերպ չեն տեղավորվում հանրահավաքներ ու ցույցեր անցկացնողների» սահմանման մեջ:

Նշենք, որ այս օրերին գրեթե ամբողջ Ֆրանսիան ոտքի է կանգնել. հասարակությունը դժգոհ է իշխանությունների նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումներից: Դրանք նախատեսում են կենսաթոշակային տարիքն ավելացնել երկու տարով 60-ից հասցնելով 62-ի: Նշենք, որ Հայաստանում այդ տարիքը 65 է: