Նախօրեին ձերբակալվել է Արարատի զորամասի մոլագար հրամանատարներից մեկը՝ «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանը: Թերթը հիշեցնում է, որ այս հրամանատարը ծեծել եւ նվաստացրել է զինվորներին, ինչը, որոշ տեղեկությունների համաձայն, հովանավորել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին: Վերջինս այս զորամասի հրամանատարն է եղել, հիմա բանակային 4-րդ կորպուսի հրամանատարն է, սակայն շարունակում է «նայել» Արարատի զորամասը: Իսկ հովանավորչությունը չի սահմանափակվել միայն զինվորներին խոշտանգելով: Բացահայտվել է նաեւ, որ Խաչատուրով-«Ռոժ» զույգը ստիպել է զինվորականներին իրենց համար «Ագբա» բանկից վարկեր վերցնել 300-500 հազար դրամի չափով, ինչը աշխատավարձով ապրող զինվորականները չեն կարողացել մարել եւ լուրջ խնդիրներ են ունեցել:

Այս բացահայտումներից հետո, «Ռոժին», ով Մոսկվայում կատարելագործման կուրս էր անցնում, հետ են կանչել եւ ձերբակալել:

Վաղը լրանալու է 72 ժամը, սակայն Խաչատուրովի որդու աջակցությունը վայելող «Ռոժի» ճակատագիրը դեռ հայտնի չէ: Այժմ պատկան մարմինների հետ Խաչատուրովները բանակցությունների մեջ են:  Ըստ թերթի աղբյուրների, որդի Խաչատուրովը նույնիսկ սպառնացել է հրաժարականի զեկուցագիր ներկայացնել: