Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Զեպ Բլատերն այցելել է Անգլիա, որն ակտիվորեն նախապատրաստում է ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հայտը: Անգլիայից բացի, 2018-ի աշխարհի առաջնությունն իր երկրում անցկացնելուն հավակնում է նաեւ Ռուսաստանը: Անգլիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի հետ հանդիպումից հետո Բլատերն իր տպավորություններն է ներկայացրել լրագրողներին, հաղորդում է «Սովսպորտը»:

«Անգլիան համարվում է ֆուտբոլի հայրենիքը: Այս երկիրը ֆուտբոլին շատ բան է տվել եւ տալիս է այսօր: Այստեղ բարդ էր վիճակը 80-ականներին, բայց ես չեմ ուզում խոսել անցյալի մասին: Դուք ցույց տվեցիք աշխարհին, թե ինչպես է պետք ապահովել անվտանգությունը ստադիոններում: Անգլիական ստադիոններում չկան խաղադաշտը փակող ճաղեր եւ ցանցեր, բայց բոլոր ֆուտբոլասերները հանգիստ են իրենց պահում: Նշանակում է, որ կարելի է խուսափել Իտալիայում սերբ ֆանատների արածից: Կազմակերպման եւ հարգանքի խնդիրը շատ լուրջ է դրված: Դուք լուծել եք այդ խնդիրը: Ստադիոններում չկան խուլիգաններ: Սա կոմպլիմենտ է անգլիական կառավարությանը»,- ասել է Բլատերը:

 ՖԻՖԱ-ի նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ Անգլիան աշխարհի առաջնությունը կարող է ընդունել հենց վաղը.

«Անգլիայի համար խնդիր չէ թեկուզ վաղն ընդունել աշխարհի առաջնությունը: Սակայն աշխարհի առաջնությունը միայն Անգլիայի համար չէ, այն ամբողջ աշխարհի համար է: Ձեր հայտն ինձ տպավորել է, սակայն որոշում ընդունելուց առաջ ես դեռ պետք է հանդիպեմ ՖԻՖԱ-ի գործկոմի հետ»:

Անգլիացիներն իրենց հերթին գոհ են Բլատերի այցից:

«Հուսով եմ դուք տեսաք, որ Անգլիան պատրաստ է ընդունել աշխարհի խոշորագույն մրցաշարը: Մենք շատ ենք պայքարել ռասիզմի դեմ եւ հույս ունենք, որ դա կօգնի մեզ ստանալ աշխարհի առաջնության անցկացման իրավունքը»,- Բլատերին ասել է Անգլիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը:

Վերջնական որոշումը ՖԻՖԱ-ն կընդունի դեկտեմբերի 2-ին Ցյուրիխում: