Հոկտեմբերի 13-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ-2010» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Միմյանց հետ մրցում էին Հայաստանի գլխավոր դատախազության եւ պաշտպանության նախարարության թիմերը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խաղն ավարտվել է 3։0 հաշվով` հօգուտ պաշտպանության նախարարության թիմի, որն էլ վարչապետի կողմից ստացել է առաջին տեղի համար նախատեսված գավաթը։ Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավել են գլխավոր դատախազության եւ առողջապահության թիմերը։ Բացի գավաթներից մրցաշարի հաղթողներն ստացել են մեդալներ, մարզահագուստ եւ հավաստագրեր։

Սահմանված էին նաեւ այլ մրցանակներ. լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան, կիսապաշտպան, ռմբարկու, լավագույն խաղացող, մրցաշարի մասնակից, լավագույն քաղաքացիական ծառայող, որոնց համապատասխանաբար արժանացել են Պարույր Հակոբյանը (մշակույթի նախարարություն), Սամվել Բարոյանը (էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն), Կամո Հարությունյանը (անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե), Խորեն Զաքարյանը (կենտրոնական բանկ), Հարություն Ծատուրյանը (կրթության եւ գիտության նախարարություն)։ Ամենակարգապահ թիմի մրցանակը հանձվել է Հայաստանի կառավարության աշխատակազմի թիմին։

Փակման հանդիսավոր արարողության ժամանակ վարչապետը նշել է. «Ֆուտբոլը Հայաստանում վերելք է ապրում։ Հայաստանի ազգային հավաքականի երեկվա փայլուն հաղթանակը Անդորրայի նկատմամբ դրա վկայություններից մեկն է։ Իսկ այսօրվա հաղթանակը ոչ միայն պաշտպանության նախարարությանն է` այլ   բոլորինս, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։ Մեր նպատակը սպորտը` ֆուտբոլը, զանգվածային դարձնելն ու  մեր ֆուտբոլի 1973թվականի համբավը վերադարձնելն է։ Համոզված եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր առջեւ դրել է այդ նպատակը եւ հաջողության կհասնի։ Այս մրցաշարի նպատակը, սակայն, հանրության ուշադրությունը դեպի ֆուտբոլը հրավիրել է»։