Սեղմված բնական գազի մեկ խորանարդ մետրը Հայաստանում արժե միջինը 170 դրամ, իսկ Արցախում՝ 280 դրամ: ԼՂՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը սա բացատրում է մի քանի հանգամանքով:

«Առաջին, Արցախում մեկ գազալցակայանը շատ ավելի քիչ իրացման ծավալ ունի, քան Հայաստանում, սրանով էլ պայմանավորված՝ ինքնարժեքն ավելի բարձր է, այսինքն ինչքան շատ է իրացնում, այնքան ինքնարժեքը ցածր է լինում: Երկրորդ, դոլարի փոխարժեքի տատանումն էլ իր ազդեցությունն է թողել»,- ասում է Սերգեյ Գրիգորյանը:

Պաշտոնյան հիշեցնում է՝ 2014թ. Արցախում գազի մեկ խորանարդն արժեր 290 դրամ: Այդ ժամանակ ստեղծված հանձնաժողովը պարզել էր՝ ինքնարժեքը կազմում է 230 դրամ եւ որոշել՝ գինը պետք է իջեցնել 30 դրամով: Սերգեյ Գրիգորյանի խոսքով, հետագայում գինը բարձրացել է կրկին 20 դրամով, քանի որ դոլարի փոխարժեքը բարձրացել է:

Արցախցի վարորդները դժգոհում են ոչ միայն գնից, այլեւ որակից: Շատ վարորդներ պնդում են՝ լիցքավորված գազաբալոնով Հայաստանում ավելի շատ կիլոմետր են մեքենան վարում, քան Ստեփանակերտում: Հենց գազի գինն էլ արցախցի տաքսիստները հիմնավորում են բերում Ստեփանակերտից դուրս կիլոմետրը 180 դրամով վարելու փաստին: Ի դեպ, արցախցի տաքսիստները պնդում են՝ գինը 350-380 դրամ է:

«Արցախում նման գին չկա: 280 դրամ է»,- ասում է Սերգեյ Գրիգորյանը եւ հավելում. «Երեւանում 200-210 դրամ է, Գորիսում՝ 230 դրամ է, իսկ Արցախում՝ 280 դրամ: Տարբերությունը շատ չէ»:

Նշենք, որ սեղմված գազի գնի խնդրի մասին արդեն մի քանի տարի բարձրաձայնում են նաեւ արցախցի պատգամավորները: