Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում, որտեղ արդեն բնակվում է թալիշցի 28 ընտանիք, սեպտեմբերի 1-ին բացվել է դպրոց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը՝ նշելով, որ դպրոցն ունի 23 թալիշցի աշակերտ: Նա նշեց, որ Թալիշի լքված ու ավիրված դպրոցի գույքը տեղափոխել են Ալաշանի նորաբաց դպրոց եւ աշակերտների համար հարմարություններ ստեղծել նորաբաց դպրոցում:
«Առաջին անհրաժեշտության գույքը, պարագաները Թալիշի դպրոցից տեղափոխել ենք այստեղ, մի անգամ էլ ենք գնալու գյուղ նորից գույք տեղափոխելու համար: Դպրոցը բացվել է Ալաշանի նախկին հոպիտալի շենքում, համարյա ամեն ինչ նույնն է՝ ուսուցչական կազմը, դպրոցի տնօրենը, աշակերտները»,-ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ այս պահին Ալաշանում վերանորոգվում է եւս 5 կացարան, որպեսզի եւս 5 թալիշցի ընտանիք տեղափոխվի գյուղ. «Մեր դպրոցի տնօրենն ու ուսուցիչներից մեկն այժմ Ալաշանում են, բայց կացարան չունեն մնալու. մի ընտանիքն իմ տանն է մնում, մյուսը՝ մեկ այլ ընտանիքում: Իրենց համար էլ է կացարան պատրաստվում, նաեւ այլ ընտանիքներ են ուզում գալ այստեղ, իրենց համար էլ: Ընդհանուր վիճակը լավ է, բայց երբ գնացել էինք Թալիշ, որ դպրոցի գույքը տեղափոխենք նոր դպրոց, գյուղը գտանք լքված վիճակում. տխրում ենք. այն թալանված ու ավերված վիճակում է...»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 25-ից Ալաշանում սկսվել է թալիշցիների բնակեցման գործընթացը:




























