Ինգուշիայի տարածքում վնասվել է Մոզդոկ-Թբիլիսի մայրուղային գազամուղը: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, 720 մմ տրամագծով գազամուղի խողովակն այսօր ճեղքվել է Աչալուկի գյուղի մոտ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հարավային ռեգիոնալ կենտրոնից հաղորդում են, որ վթարի արդյունքում հրդեհ է բռնկվել: Գազի մատակարարումը դադարեցվել է, դեպքի պատճառները պարզվում են:

Ինչպես հաղորդում է «Ռեգնում»-ը, «Մոզդոկ-Թբիլիսի» գազամուղը միացնում է Ռուսաստանը Կովկասի հետ, որով գազը է մատակարարվում Վրաստան եւ Հայաստան:

Այդ գազամուղը նախկինում բազմաթիվ անգամ է վթարվել: Մասնավորապես, 2006 թվականի հունվարին Հյուսիսային Օսիայի Ներքին Լարս գյուղի մոտակայքում նշված գազամուղի երկու պայթյուն էր տեղի ունեցել` մի քանի րոպե տարբերությամբ: Այդ պայթյունների հետեւանքով գազամուղում ընկել էր ճնշումը, որի հետ կապված գազի մատակարարումը Հայաստան ու Վրաստան ամբողջությամբ դադարեցվել էր: Այն ժամանակ Հյուսիսային Օսիայի իրավապահների կողմից քրեական գործ էր հարուցվել: Նույն թվականի նոյեմբերին եւս Հյուսիսային Օսիայի Մոզդոկի շրջանում գազամուղը պայթել էր եւ կրկին դադարեցվել էր գազի մատակարարումը հիշյալ հարավկովկասյան երկրներին: