Թուրքիայի իշխանություններն ավստրիացի հնագետներին արգելել են պեղումները Եփեսոս հնագույն քաղաքի տարածքում: DW-ը, վկայակոչելով Hürriyet–ը, հայտնում է, որ երկրի ՆԳՆ-ն որոշում է կայացրել դադարեցնել աշխատանքները «Ավստրիայի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության պատճառով»: Հաջորդ տարի պեղումները շարունակելու մասին  որոշումը կախված կլինի նրանից, թե ինչպես կփոխվեն  Վիեննայի ու Անկարայի հարաբերությունները, նշում է պարբերականը:

Երկու երկրների միջեւ լարվածություն էր առաջացել Թուրքիայում հեղաշրջման փորձից ու դրա հնարավոր մասնակիցների նկատմամբ Անկարայի գործողոթյուններից հետո: Զանգվածային կալանքների ֆոնին ավստրիացի պաշտոնատար անձինք հայտնել էին, որ Թուրքիան շարժվում է դեպի բռնապետություն ու կոչ էին արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները: Անկարան հայտնել էր, որ Ավստրիան «արմատական ռասիզմի մայրաքաղաքն է», նաեւ ժամանակավորապես հետ է կանչել Վիեննայում իր դեսպանին:

Եփեսոսը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների շարքին է պատկանում: Մասնավորապես այստեղ է գտնվում աստվածուհի Արտեմիսի տաճարը, որը աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է համարվում, հիշեցնում է dpa գործակալությունը: Ավստրիայի հնագիտության ինստիտուտի գիտնականները արդեն ավելի քան հարյուր տարի Եփեսոսում պեղումներ են կատարում: Աշխատանքները դադարեցվել են միայն երկու համաշխարհային պատերազմների ժամանակ: