«Իսլամական պետություն» խմբավորումը Ֆրանսիայում առավել լայնածավալ հարձակումներ էր ծրագրում անցյալ տարվա նոյեմբերին, երբ ահաբեկչությունների շարքի արդյունքում 130 մարդ զոհվեց: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով հետաքննության նյութերը:

Աղբյուրի համաձայն՝ ԻՊ-ի առաջնորդը հարձակումներ է ծրագրել ամբողջ Ֆրանսիայում, ինչպես նաեւ Նիդեռլանդներում: CNN-ի վերլուծաբան Փոլ Քրուիքշենքի կարծիքով՝ ԻՊ-ն ընդլայնում է միջազգային հարձակումների իր ծրագրերը:

Հեռուստաալիքի տրամադրության տակ հայտնված նյութերի համաձայն՝ ահաբեկիչները գաղնագրված կապի միջոցներ են օգտագործում, ինչպես նաեւ WhatsApp, Viber եւ Telegram: Նրանք սահմաններ են հատում՝ թաքնվելով գնացքների զուգարաններում, օգտագործելով կեղծանուններ եւ իրենց կողմնակիցներին առաքելությունների իրականացման համար բավականաչափ գումար եւ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելով:

Բացի այդ, փաստաթղթերը բացահայտում են Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող երրորդ անձի անունը: Նա Աբիդ Թաբունին է, որին հաջողվել է ահաբեկչություններից հետո մի քանի ամիս թաքնվել, սակայն այս տարվա հուլիսին ձերբակալվել է: