Ադրբեջանահայերի խնդիրներով եւ հարցերով զբաղվող 8 հասարակական կազմակերպություններ նամակ են ուղարկել Բաքու, որով առաջադրում են «Ադրբեջաբնահայերի ասամբլեա» ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանի թեկնածությունը նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
«Եթե մերժեն մեր դիմումը, ուրեմն եւս մեկ անգամ աշխարհին կապացուցեն, որ ո՛չ բարոյական եւ ո՛չ էլ իրավական իրավունք չունեն հավակնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Նրանք լրացուցիչ անգամ իրենք իրենց պետք է խոստովանեն, որ պետք է մոռանան Ղարաբաղին վերատիրելու անիրականալի երազանքը»,-նշեց Այվազյանը` հավելելով. «Ադրբեջանը կամ կբավարարի այս դիմումը, կամ կբացահայտի իր իրական դեմքը»:
Նամակն Ադրբեջան է ուղարկվել սեպտեմբերի 15-ին:
«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահն ասաց, որ իրենք «Հայփոստից» արդեն ճշտել են, որ նամակը Վիեննայից տրանզիտով արդեն Բաքու է հասել: «Ամեն օր եւ ամեն վայրկյան սպասում ենք պատասխանին»,-ասաց Այվազյանը:
«Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մուզաֆիր Փանահովի այն հայտարարությունները, թե իբր մենք միայն ԶԼՄ-ների միջոցով ենք նրանց դիմել, ապատեղեկատվություն է: Մենք դիմել ենք ըստ օրենքի պահանջի: Մենք ընդունել ենք նրանց նետած մարտահրավերը, հիմա հերթը նրանց է»,-ասաց Այվազյանը:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը հայտարարել էր, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին կարող է մասնակցել Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի եւ իրենք այդ հարցում խնդիր չեն տեսնում:





























