Սեպտեմբերի 6-ին Բելառուսում սկսվել է ներկայացուցիչների պալատի ընտրություններում նախաժամկետ քվեարկությունը:
Ժամը 10:00-ին բացվել են ընտրատեղամասերը, որտեղ հինգ օր շարունակ կկարողանան քվեարկել այն քաղաքացիները,որոնք հնարավորություն չեն ունենալու անել դա քվեարկության հիմնական օրը՝ կիրակի: Բելառուսի խորհրդարանական ընտրությունների համար համար գործելու է 6018 ընտրատեղամաս, որոնցից 47-ը՝ երկրի սահմաններից դուրս, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բելառուսի օրենսդրությանը համապատասխան՝ այն քաղաքացիները, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողանալու իրենց կամքն արտահայտել քվեարկության հիմնական օրը, կարող են դա նախապես անել: Ընդ որում նախաժամկետ քվեարկելու ցանկություն ունեցողները չպետք է բացատրեն իրենց նման որոշման պատճառը:
Նախաժամկետ քվեարկությունը հինգ օր է տեւելու՝ երեքշաբթիից շաբաթ: Բելառուսի ընտրություններում վաղաժամկետ քվերակության պրակտիկան բազմիցս քննադատության առարկա է դարձել մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Ոմանք վստահեցնում են, որ վաղաժամկետ քվեարկությունը հեշտությամբ կարելի է գործածել զանազան կեղծիքների համար: Բելառուսի նախագահական ընտրություններում՝ 2015-ին, այդ իրավունքից օգտվել էր ընտրողների ավելի քան մեկ երրորդը:
Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 11-ին ու կանցնեն մեծամասնական համակարգով՝ 110 ընտրատեղամասերում 110 պատգամավոր են ընտրելու:
Երկրում օրեցօր կրճատվում է պատգամավորների թեկնածուների քանակը: Երկուշաբթի երեկոյան դրությամբ նրանց թիվը 491 էր: Հիմնականում թեկնածուները կամավոր են հրաժարվում ընտրապայքարից՝ պատճառաբանելով ընտանեկան հանգամանքներով եվ առողջական խնդիրներով:





























