Շանհայյան շինարարական Greenland Group ընկերությունը նախատեսել է Լոնդոնում   235 մետրանոց երկնաքեր կառուցել` ակումբային տարածքով եւ 35-րդ հարկում հսկայական լողավազանով: Աշտարակը Եվրոպայի ամենաբարձր բնակելի շենքը կդառնա, հայտնում է   The Guardian-ը:

Ենթադրվում է, որ Spire London անունով երկնաքերը կկառուցվի Քենթրի-Ուորֆին` քաղաքի արեւելյան հատվածի գործարար թաղամասին հարակից տարածքում: Նախագծում ներդրումների ծավալը կկազմի  800 մլն ֆունտ սթեռլինգ   (մլրդ դոլարից ավելի):

Մեկ ննջարանով էլիտար բնակարանների գինը համալիրում կսկսվի 595 հազար ֆունտից  (794 հազար դոլար): Շենքի 67-րդ հարկում տեղակայված պենտհաուզների գինը, ակնկալվում է, առնվազն երեք մլն ֆունտ կկազմի (չորս մլն դոլար):

Ընդհանուր առմամբ համալիրում 861 բնակարան կլինի, դրանցից էկոնոմդասի` 96:   Greenland Group-ի ներկայացուցիչները պնդում են, որ ոչ թանկարժեք ապարտամենտների գնորդները եւ ավելի թանկարժեք բնակարանների սեփականատերերը  հավասար իրավունք կունենան` օգտվելու շենքի հանրային տարածքից:   

Նախատեսված է Spire London աշտարակի շինարարությունն ավարտել  2020 թվականին: 2018 թվականի ամռանը շենքը կիսով չափ կկառուցվի, ճշտում  The Guardian-ը:

2016 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Չինաստանում ամենաբարձր երկնաքերը կկառուցեն Շենչժենյա քաղաքի տարածքում` Հուանդուն նահանգում: Աշտարակի բարձրությունը կգերազանցի  730 մ-ն: Ենթադրվում է, որ երկնաքերը կհայտնվի Լոհուի շրջանում: Նախագծի մանրամասները եւ իրականացման ժամկետները չեն բացահայտվում: