Հանչժոում լճի վրա խաղաղ զբոսանքի ժամանակ Գերմանիայի, Բրիտանիայի, Իտալիայի եւ Ավստրալիայի վարչապետների նավակի մեջ ձուկ է ցատկել, հայտնում է The Independent-ը:

Չնայած Չինաստանում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի մանրակրկիտ պլանավորմանը, այնուամենայնիվ, չի հաջողվել անհարմար իրավիճակից խուսափել: Ըստ որում՝ դա տեղի է ունեցել շատ անսպասելի պահի:

Հանչժոում հիասքանչ լճի վրա նավակով զբոսնելիս համաշխարհային առաջնորդները ցանկանում էին վայելել ռոմանտիկ բնապատկերները, համեղ ուտեստներ ճաշակել եւ հանգստանալ քաղաքականությունից: Հանկարծ լճի խորքերից դուրս ցատկած ձուկը ընկել է նավակի մեջ: Գլխավոր զոհն է դարձել Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին:

Ձկան անսպասելի հայտնվելը խուճապ է առաջացրել. տիկնայք փորձել են իրենց երեկոյան զգեստները թրջվելուց փրկել: Եվ այստեղ առաջ է մղվել առնական իտալացին: Նա ցանկացել է կրկին ջուրը նետել ձկանը, սակայն սայթաքել եւ ինքն է ընկել ջուրը:

Չնայած տհաճ իրավիճակին, միջադեպն աշխուժացրել է համաշխարհային առաջնորդների երեկոն, որոնք հոգնել էին ծանր օրից հետո: