Բարաք Օբաման մտածել է հակամարտության ընթացքում առաջինը միջուկային զենք կիրառելուց հրաժարվելու մասին: Այս մասին գրում է The New York Times-ը:
«Բայց նա, հավանաբար, մի կողմ կթողնի այդ գաղափարն այն բանից հետո, երբ ազգային անվտանգության հարցերով նրա բարձրագույն խորհրդականները հայտարարեցին, որ դա կարող է Ռուսաստանին եւ Չինաստանին ստիպել համարձակություն ձեռք բերել»,- պնդում են լրագրողներ Դեւիդ Է.Սենջերը եւ Ուիլյամ Ջ.Բրոդը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցների:
Սպառազինությունների վերահսկողության կողմնակիցներն ամիսներ շարունակ պահանջում են, որպեսզի Օբաման մի շարք քայլեր ձեռնարկի՝ հանուն լիարժեք միջուկային զինաթափման հասնելու շուրջ իր խոստումների: «Առաջինը միջուկային զենք չկիրառելու մասին երդումը կարող էր այդ քայլերից ամենահամարձակը դառնալ: Այդ մարդիկ վստահեցնում են, որ գործնականում ամերիկյան ոչ մի նախագահ միջուկային զենք չի կիրառի, երբ գործողությունների բազմաթիվ այլ տարբերակներ կան»,- ասված է հոդվածում:
Բայց արդյունքում Օբաման, թվում է, համաձայն է իր այժմյան խորհրդականների հետ:
Ըստ պարբերականի՝ լրագրողները հարցում են անցկացրել ԱՄՆ վարչակազմի բազմաթիվ աշխատակիցների շրջանում, բոլորն էլ հարցազրույց են տվել անանունության պայմանով: Նրանք պնդել են, որ այս ամռանը բազմիցս բարձրացվել է «առաջինը միջուկային զենք կիրառելու» քաղաքականությունը փոխելու հարցը: Այդ կերպ Օբաման կարող էր ցույց տալ, որ ամերիկյան ռազմավարության մեջ միջուկային զենքի դեերը նվազեցնելու իր ձգտումը միայն խոսքեր չեն:
«Վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցներից մեկի խոսքով՝ պետքարտուղար Քերրին Օբամային ասել է, որ առաջինը միջուկային զենք չկիրառելու մասին երդումը նույնքան կթուլացնի միջուկային զսպման ուժերը, մինչդեռ Ռուսաստանը ռմբակոծիչների ուսումնական թռիչքներ է իրականացնում Եվրոպայի երկնքում, իսկ Չինաստանն ընդլայնում է Հարավ-Չինական ծովում իր հասանելիության շառավիղը»,- ասված է հոդվածում:
«Օբաման եւ ազգային անվտանգության հարցերով նրա թիմը հերքեցին նաեւ երկրորդ՝ միջուկային հրթիռները «մարտական պատրաստվածության» ռեժիմից դուրս բերելու տարբերակը, որոնք կարող են արձակման պատրաստ լինել ամենակարճ ժամանակահատվածում: Մտավախություն կա, որ ճգնաժամի պայմաններում սպառազինությունների «մարտական պատրաստվածության» ռեժիմի վերականգնումը կարող է հանգեցնել հակամարտության սրման»,- ամփոփել է պարբերականը:



























