Նոյեմբերի 6-ին Լոս Անջելեսի հռչակավոր Microsoft Theater թատրոնում տեղի կունենա Pan Armenian Entertainment Awards 2016 մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակներ կհանձնվեն Հայաստանում ու սփյուռքում ապրող հայ արտիստներին` երաժշտության, կինոյի, հեռուստատեսության, նորաձևության և այլ ոլորտներում: Միջոցառումը նախաձեռնել են PanArmenian TV-ին եւ Global Arts International-ը: Համահայկական մրցանակաբաշխության նպատակների, առանձնահատկությունների, մրցանակակիրների ընտրության եւ այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է PanArmenian TV-ի տնօրեն Դավիթ Ավետիսյանի հետ։

Ինչպե՞ս ծնվեց համահայկական մրցանակաբաշխություն կազմակերպելու միտքը։

Նպատակն առաջին հայացքից թվում է շատ պարզ, սակայն այն շատ խորքային է: Մեր նպատակն է նպաստել հայապահպանության զարգացմանը սփյուռքում, խթանել հայկական մշակույթի զարգացումը՝ մեկ հարկի տակ համախմբելով աշխարհի տարբեր ծագերից տաղանդավոր հայերի. համախմբել և մեծարել, իսկ հեռուստադիտողին և հանդիսատեսին  պարգևել իրական համահայկական տոն:

Հայաստանում եւ սփյուռքում անցկացվում են այլ մրցանակաբաշխություններ, որտեղ մրցանակներ են շնորհվում հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներին։ Ինչո՞վ է տարբերվելու Pan Armenian Entertainment Awards-ը։

Հայաստանի անկախացումից հետո եղել են բազմաթիվ մրցանակաբաշխություններ՝ թե ՛ Հայաստանում, թե ՛ սփյուռքում: Սակայն առաջին անգամ է, որ մրցանակաբաշխության աշխարհագրությունն այսքան ընդգրկուն է: Այն իսկապես մասշտաբային է, քանի որ մրցանակաբաշխությանը հրավիրված են ծագումով հայ արտիստներ աշխարհի ամենատարբեր երկրներից:

Ինչո՞ւ որոշեցիք հենց ԱՄՆ–ում անցկացնել այս մրցանակաբաշխությունը։

Գաղտնիք չէ, որ սփյուռքի ամենաակտիվ, ամենահայաշատ և գործունյա համայնքներից մեկը հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներինն է: Բացի այդ՝ մրցանակաբաշխության երկու գլխավոր կազմակերպիչները՝ PanArmenian TV-ն և  Global Arts International-ը իրենց գործունեությունը ծավալում են ԱՄՆ-ում: Հաշվի առնելով այս երկու հանգամանքները՝ մրցանակաբաշխության անցկացման վայր ընտրվեց հենց ԱՄՆ-ն:

Ի՞նչ սկզբունքով են ընտրվելու մասնակիցները եւ հաղթողները, ովքե՞ր կարող են մասնակցել մրցանակաբաշխությանը։

Նախապատվությունը տրվելու է տարվա կտրվածքով ամենից շատ գործունեություն ծավալած և հանդիսատեսի կողմից գնահատված ու սիրված արտիստներին, ինչպես նաև հայկական մշակույթում և արվեստում մեծ ներդրում ունեցած գործիչներին:

Քանի՞ անվանակարգ կա, եւ որո՞նք են հիմնական անվանակարգերը։

Pan Armenian Entertainment Awards 2016-ը ընդգրկում է ակադեմիական դասական մրցանակաբաշխության անվանակարգերը, ինչպես նաևժամանցային ինդուստրիայի ամենատարբեր ոլորտները` երաժշտություն, կինո, հեռուստատեսություն, նորաձևություն և այլն: Թեև նախապատրաստական աշխատանքները շատ վաղ ենք սկսել, սակայն ստեղծագործական և գեղարվեստական մասը դեռևս աշխատանքային փուլում է և դեռ շատ անելիքներ կան:

Ի՞նչ մրցանակ են ստանալու հաղթողները:

Գլխավոր մրցանակն աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամի կողմից պատրաստված արձանիկն է, որը զուտ մրցանակ լինելուց բացի, նաև արժեքավոր և խորհրդանշական նվեր է՝ նռենու տեսքով: Ծառը կյանքի, կենսական ուժի, դիմակայելու և հավերժ գոյատևելու խորհրդանիշն է, ինչը շատ համահունչ է մեր ժողովրդի ճակատագրին: Նուռը հայկական գլխավոր խորհրդանիշներից է: Այն պտղաբերության, ծաղկման, առատությանխորհրդանիշն է: Իսկ մեր մրցանակաբաշխության գլխավոր նպատակներից է խթանել հայկական արվեստի և մշակույթի զարգացմանն ու ծաղկմանը: 

Սա PanArmenian TV-իի և Global Arts International-ի  միջեւ համագործակցության առաջին նախագիծն է։ Բացի մրցանակաբաշխությունից, ի՞նչ այլ միջոցառումներ են նախատեսվում այս համագործակցության շրջանակում։

Նախատեսում ենք մեծամասշտաբ նախագծեր, համերգներ և ներկայացումներ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող երկու ազդեցիկ ընկերություններ են միավորվել, և այս համագործակցության շնորհիվ օրեցօր նոր մտահաղացումներ են առաջանում: Առաջիկայում սպասվում են նոր որակյալ և հայապահպանմանը նպաստող միջոցառումներ: