ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է սեպտեմբերի 5-ին Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների հերթական փորձարկումը՝ դա կոչելով իր բանաձեւերի եւ Փհենյանի ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ընդունված հայտարարությունում ԱԽ-ի անդամները կրկին հայտարարել են «հետագա զգալի քայլերի մասին՝ ի հավելումն այդ երկրի դեմ արդեն գործող խիստ պատժամիջոցների»:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտում են բալիստիկ հրթիռների արձակումները, որը Հյուսիսային Կորեան իրականացրել է 2016 թվականի սեպտեմբերի 5-ին: Այդ արձակումները կոպտորեն խախտում են Հյուսիսային Կորեայի ստանձնած միջազգային պարտավորությունները եւ ՄԱԿ-ի ԱԽ 1718, 1874, 2087, 2094 եւ 2270 բանաձեւերը»,- լրագրողներին ասել է սեպտեմբերին ԱԽ-ում նախագահող նորզելանդացի դիվանագետ Ջերարդ Վան Բոհեմենը:



























