ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «անատամ» արտաքին քաղաքականության 8 տարիները Վաշինգթոնը վերածել են համաշխարհային գործընթացների հասարակ դիտորդի, գրում է The Wall Street Journal–ի տեսաբան Ուիլյամ Գելսթոնը։

Նրա կարծիքով անցյալ շաբաթ կայացած «մեծ քսանյակի» հանդիպմանը Չինաստանի իշխանությունները Օբամային եւ նրա ավագ օգնականներին «ակնհայտ անհարգալից» էին վերաբերվում։ Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը շարունակում է հայտարարել Հարավչինական ծովում իր հավակնությունների մասին, որոնք ամերիկյան ՌԾՈւ էպիզոդիկ ցուցադրությունը չկարողացավ զսպել։ Միաժամանակ Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մեջ Օբամայի քաղաքական գիծը բախվում է ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների ընդդիմությանը, եւ դրա տապալումը ծանր հարված կհասցնի Ամերիկայի վստահությանը։

Սիրիայում շարունակվում է պատերազմը, հրադադարի հասնելու շուրջ Ռուսաստանի հետ պայմանավորվելու փորձերը ոչնչի չեն հանգեցրել, նշում է հոդվածագիրը։

G20 հանդիպման ժամանակ խմբակային լուսանկարը շատ բանի մասին է խոսում, կարծում է հեղինակը։ Նկարի մի ծայրում Պուտինը շփվում է թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ, որն ուշադիր լսում է, մյուս ծայրում Օբաման հետաքրքրասիրությամբ նայում է նրանց, իսկ կենտրոնում վստահ ժպտում է Սի Ձինպինը։ Մինչ Ռուսաստանը, Թուրքիան եւ Չինաստանը ծաղկում են, ԱՄՆ–ը կողմնակի դիտորդ է դարձել, ասվում է հոդվածում։

Եթե Օբաման ենթադրում էր, որ Սիրիայում զարգացող իրադարձությունները ոչ մի հետեւանք չեն ունենա ամերիկյան շահերի վրա, ապա նա չարաչար սխալվում էր, շարունակում է հեղինակը։ Սիրիացի փախստականների հոսքը ապակայունացրել է Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների դիրքերը։ Ամբողջ աշխարհամասում աճում են հակամիգրացիոն տրամադրությունները, ինչը նպաստեց ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին քվեարկելուն եւ Գերմանիայի կանլցեր Անգելա Մերկելի դիրքերի թուլացմանը, նշում է հեղինակը եւ եզրափակում, որ ԱՄՆ–ը, միեւնույնն է, շարունակում է մնալ գլոբալ խաղաղության ամենակայուն երաշխավորը։